top of page

Կենսագրությունս

 

Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան, բեմանկարիչ

 

Ծնվել եմ 1963թ. Երևանում, սովորել Կրուպսկայայի անվ. հայկական դպրոցում և Սայաթ–Նովայի երաժշտական դպրոցում։

1985թ. ավարտել եմ Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, այնուհետև աշխատել եմ «Երևաննախագիծ» ինստիտուտում Ս. Քյուրքչյանի և Ս. Կնտեխցյանի արվեստանոցներում։

1988 թ. երկրաշարժից հետո աջակցել եմ Միջազգային Կարմիր Խաչին գերմաներեն թարգմանություններով` Մարաշի օրթոպեդիկ արհեստանոցում, որտեղ և ծանոթացել եմ ապագա ամուսնուս։ 

1990թ. մենք տեղափոխվում ենք Շվեյցարիա, հաստատվում ֆրանսախոս Բյուլլ քաղաքում։ Իմ կյանքում սկսվում է նոր ձեռքբերումների փուլ` նոր լեզու, նոր միջավայր, նոր ընտանիք։ Մասնագիտական կյանքը մղվում է հետին պլան։ 

 

Երկու դստեր ծնվելուց հետո վերադառնում եմ ստեղծագործական աշխատանքին, ստեղծելով FRUCTUS ARMENICUS տիկնիկային թատրոնը։ Տիրապետում և կիրառում եմ ամուսնուս օրթոպեդիկ տեխնիկայի միջոցներն ու նյութերն ու իրականացնում երեք ներկացայում։ Բեմը կլանում է ինձ և այլևս բաց չի թողնում։

Թատերական գործնեությունս շարունակվում է տարբեր թատերական խմբերում և բեմերում, ստեղծում եմ մեծ մարիոնետներ, դեկորներ, զգեստներ, ցուցահանդեսների ձևավորում, տոնական երթերի ձևավորում, աֆիշներ, մանկական օպերաներ։ Հետաքրքրությանս շրջանակներին ռեժիսորական աշխատանքն էլ օտար չի մնում։

 

2013թ. բազմակողմանի փորձ կուտակելուց հետո, ընդունվում եմ Ցյուրիխի արվեստների ակադեմիայի ZHdK բեմանկարչության բաժնի մագիստրատուրան, որտեղ ծանոթանում եմ ժամանակակից բեմում օգտագործվող բազմաթիվ նորարարական տեխնոլոգիական միջոցների, և ձեռք բերում դրանք, որպես թատերական յուրահատուկ արտահայտչական միջոց օգտագործելու տեսական և կիրառական գիտելիքներ։

 

2015թ. դիպլոմային նախագիծս իրականացնում եմ Երևանի Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում, ռեժիսոր Նարինե Գրիգորյանի, տնորեն Ռւբեն Բաբայանի, ZHdK–ի սերտ համագործակցությամբ։  ՀՈՎՆԱՆ բեմադրությունն արժանանում է Ցյուրիխից ժամանած դիպլոմային ժյուրիի` Միխաել Սիմոնի բարձր գնահատականին։

ՀՈՎՆԱՆԸ առաջին թատերական փորձս է Հայաստանում։ Այժմ ես տեղափոխվել եմ Երևան և շարունակում եմ աշխատանքս հայկական բեմում։ Այժմ աշխատում եմ Մհեր Մկրտչյանի Արտիստական թատրոնում որպես գլխավոր նկարիչ, Սոս Սարգսյանի Համազգային թատրոնում` կատարող նկարիչ։ 

bottom of page